Իգոր Խաչատուրովը տեղյակ է եղել, որ քաղաքական իշխանության և ոստիկանների նշանառության տակ է․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

հասարակական

Իգոր Խաչատուրովի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական իշխանության օրվա հրահանգին համահունչ հայտարարություն տարածելը։ Այս մասին 24News-ին ասաց Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Ավելի վաղ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, որ Խաչատուրովը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ ՔԿ-ն նշել է, որ «մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկն Իգոր Յուրիի Խաչատուրովն է: Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը երեկ երեկոյան բավարարվել է:

Փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ պաշտպանական կողմն ունի բազմաթիվ փաստեր, տվյալներ, որոնք հերքում են Իգոր Խաչատուրովի կողմից որևէ մեկին բռնության ենթարկելու տեղեկությունները։ Պաշտպանը նաև ասաց, որ կալանավորման վերաբերյալ դատական նիստին չի մասնացկել, քանի որ «ինձ պատշաճ կարգով չեն տեղեկացրել նիստին մասնակցելու մասին»։ 

«Կամակատար դատավորները գնացին այլ ճանապարհով, Իգոր Խաչատուրովին զրկեցին պաշտպանվելու իրավունքից, նիստն ընթացել է առանց պաշտպանի։ ՔԿ-ն նաև հայտարարել էր, որ իբր Իգոր Խաչատուրովը թմրանյութերի ազդեցության տակ է եղել, սակայն հրաժարվել է տոքսիկոքիմիական փորձաքննությունից։ Սա ևս գնահատում եմ իջեցված հրահանգի արդյունք, որովհետև տրամաբանական չէ, որ մարդն առավոտյան 8։30-ին մասնակցելու է քաղաքական իշխանության դեմ իրականացվող ակցիային, կարող է թմրանյութի ազդեցության տակ լինել, և այն պարագայում, երբ Խաչատուրովը տեղյակ է եղել, որ քաղաքական իշխանության և ոստիկանների ուղղակի նշանառության տակ է։ Ինչ վերաբերում է տոքսիկաքիմիական փորձաքննություն չանցնելուն, ապա Խաչատուրովը չի հրաժարվել փորձաքննութուն անցնելուց։ Ներկայացել է համապատասխան ՊՈԱԿ՝ ներկայացնելու համապատասխան նմուշները, սակայն տեղում պարզվել է, որ իր պաշտպանին կրկին չեն ծանուցել փորձաքննության անհրաժեշության մասին, և նա հրաժարվել է պաշտպանի բացակայությամբ որևէ փորձաքննություն անցնել», - ասաց փաստաբանը։

Խոսելով Խաչատուրովի կալանավորման որոշումը բողոքարկելու մասին՝ Պողոսյանն ասաց, որ «կամակատարների խմբակը որոշել է այս առումով ևս խնդիրներ ստեղծել»։

«Քանի որ քիչ առաջ ծանոթացել եմ դատական գործի նյութերին, բացակայում է Խաչատուրովին կալանավորելու մասին որոշումը։ Ինչպես գիտեք, Սահմանադրական դատարանի և ընդահանրապես ձևավորված պրակտիկայի համաձայն՝ անձը պատշաճ բողոքարկման իրավունք ձեռք է բերում՝ ծանոթանալով իր նկատմամբ կայացված որոշմանը։ Իսկ այդ որոշումը դեռևս առկա չէ, ու դատավոր կոչեցյալ Արուսիկը որոշել է Խաչատուրովին նաև զրկել որոշումը վերանայելու հնարավորությունից։ Կարծում եմ՝ ՀՔԾ-ում քաղաքական իշխանությունների հրահանգը կատարելը լավ սերտել է, հիմա էլ այդ գործողություններն իրականացնում է արդեն որպես դատավոր պաշտոնավարելով», - եզրափակեց փաստաբանը։

--00--ԿԿ