Ակնկալում ենք, որ ՀՀ-ն կկատարի ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Ալի Ասադով

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն ասել է, որ Բաքուն Հայաստանի կողմից ակնկալում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը։

Այս մասին, Interfax.az-ի փոխանցմամբ, Ասադովը հայտարարել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ 

Նա տեսակոնֆերանսի միջոցով խոսել է Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային իրավիճակի մասին։
Նրա խոսքով, Հայաստանն ընդունել է խաղաղ համաձայնագրի հետ կապված ադրբեջանական կողմի առաջ քաշած հինգ հիմնարար սկզբունքները։ 

«Այս հինգ սկզբունքները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են և համահունչ են ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտին»,- ընդգծել է Ադրբեջանի վարչապետը։

Ասադովը հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, ստորագրել խաղաղության պայմանագիր և իրականացնել սահմանների սահմանազատում։ Այդ նպատակով Ադրբեջանն արդեն որոշել է խաղաղության պայմանագրի մշակման իր պատվիրակության և Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի կազմը։

Ադրբեջանի վարչապետն ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, տրանսպորտային զարկերակների լայն ցանցի ստեղծումը, ներառյալ Զանգեզուրի միջանցքը, բխում է տարածաշրջանի բոլոր երկրների ժողովուրդների շահերից։

--00--ԱԱ