Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին պայմանավորվել են ապրիլին անցկացնել միջկառավարական նիստը

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սաադ Հարիրիին Լիբանանի նոր կառավարության ձևավորման և վարչապետի պաշտոնում  վերանշանակվելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը հաջողություն է մաղթել Սաադ Հարիրիին և նրա թիմակիցներին կարևոր առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ Հարիրիի ղեկավարությամբ նոր կառավարությունը երկիրը կտանի դեպի զարգացում և տնտեսական առաջընթաց:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստն այս տարվա ապրիլին: