ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

․

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը, որը  մարմնավորում է Հայաստանի հնագույն ժառանգությունը, անապակ բնությունը և ժայռոտ բնապատկերները, ինչպես նաև երկրի հյուրընկալությունը, հարուստ խոհանոցային մշակույթը և այդ ամենի հասանելիությունը այցելուների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բրենդի նոր կարգախոսը՝ «Armenia, The Hidden Track» («Հայաստան. թաքնված ուղի») և հարուստ տեսողական ինքնությունը ընդգծում են Հայաստանի տարբերվող բնավորությունը։

«Ցանկացած բրենդի համար, հատկապես զբոսաշրջային, շատ կարևոր է ունենալ հստակ դիրքավորում, որն արտացոլում է իր յուրահատուկ արժեքային առաջարկը: Մենք ցանկանում էինք ստանալ թարմ և դինամիկ բրենդ, որը կգրավի միջազգային լսարանը, և ԱՀԱ կոլեկտիվը հենց դա է ստեղծել»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայաստանն ունի ուշագրավ զբոսաշրջային ներուժ՝ իր եզակի, բայց հիմնականում անհայտ և չուսումնասիրված մշակութային և բնական ռեսուրսներով, ինչպես նաև խոհանոցային և արկածային փորձառություններով: Ծրագրի նպատակն էր սահմանել և ստեղծել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության բրենդավորումը, և ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային թիրախային շուկաներում»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը:

Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը ստեղծվել է երևանյան ԱՀԱ կոլեկտիվ ստեղծարար ստուդիայի կողմից` ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, որին աջակցում է Եվրոպական միությունը և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։

Բրենդը ներառում է «Հայաստանի ԴՆԹ»-ն` ընդգրկելով ինչպես այցելուների, այնպես էլ տեղացիների իրական պատկերացումներն ու փորձառությունները: Հայաստանը առանձնահատուկ կերպով ընկալվում է որպես ձգող ու առատաձեռն երկիր: Երկիր, որը պատմական ու մշակութային թաքնված գոհար է, երկիր, որն առաջարկում է անսահման ջերմություն ու հյուրընկալություն, որն առաջացնում է զարմանալի հույզեր և հարազատության անկեղծ զգացում:

«Մեր նախագծի գլխավոր նպատակներից մեկն է ապահովել զբոսաշրջության ոլորտի երկարաժամկետ զարգացումը և այս առումով մենք շատ ուրախ ենք, որ աջակցում ենք ոչ միայն Հայաստանի մասնավոր ոլորտին, այլև ինստիտուցիոնալ մակարդակում: Ես շնորհավորում եմ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեին երկրի զբոսաշրջային նոր բրենդի ստեղծման կապակցությամբ և անհամբեր սպասում եմ, թե երբ այն կօգտագործվի աշխարհի տարբեր ծայրերում՝ զանազան ցուցահանդեսների և միջոցառումների ժամանակ», - ասաց ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն։

Միջոցառման ավարտին ներկայացվեց բրենդի հռչակագրի եզակի անիմացիոն ներկայացումը, որը մշակված է որպես նամակ` Հայաստանի կողմից ուղղված աշխարհին` երկիր այցելելու հրավերով: Հռչակագիրը այցելուին կապում է բրենդի հետ իր հաղորդակցման ոճի և տեսողական տարրերի միջոցով՝ հստակորեն ընդգծելով բրենդի տեսլականը՝ «Հայաստանը դարձնել շարունակական բացահայտում»։

--00--ԱՀ