Քննարկվել են ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ Արցախի ու ՀՀ-ի համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

281221437_377892727701745_6071890446311326414_n.jpg

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակության և ԱՀ լիազոր մարմինների մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ունեցել ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ:

Պետական նախարարը հայտարարել է, որ նախատեսվում է Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքները:

«Առաջիկայում մենք վերջնականացնելու ենք ժողովրդագրության հարցերով զբաղվող պետական ձևաչափերի ու սկզբունքների հստակեցումը, որպեսզի ձեռնամուխ լինենք ժողովրդագրության ռազմավարության մշակմանն ու իրականացմանը: Զուգահեռ կստեղծենք աշխատանքային խմբեր՝ ընդգրկելու համար տարբեր մասնագետներ Արցախից, ՀՀ-ից ու Սփյուռքից, որպեսզի մենք կարողանանք մեր խնդիրներին և նպատակներին համապատասխան արդյունավետ ռազմավարություն մշակել և իրագործել առնվազն մի քանի տարվա կտրվածքով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարը կարևորել է ՀՀ կառավարության հետ ներդաշնակ աշխատանքը ժողովրդագրական երկարաժամկետ քաղաքականության իրականացման առումով՝ հաշվի առնելով միասնական մարտահրավերների ու ռազմավարական նպատակների առկայությունը:
Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և պատվիրակության այլ անդամներ ներկայացրել են ժողովրդագրության ռազմավարության մշակման սեփական փորձն ու մեթոդաբանությունը:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱՀ և ՀՀ լիազոր մարմինների ջանքերի համատեղման ու ներդաշնակեցման շուրջ:
--00--ՀԶ             

 

Տեսանյութեր