Երևանի քաղաքապետը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորումին»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորում 2022»-ին (Yerevan Tech Forum 2022): 

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նախաձեռնության նպատակն է մեկ հարթակում համախմբել տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին ու ընկերություններին՝ համատեղ քննարկելու արագ փոփոխվող աշխարհում ծառացած մարտահրավերները, մշակել դրանց լուծումները:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ քաղաքապետն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այսօր քաղաքում կիրառվող որոշ սմարթ (խելացի) լուծումներն ու շեշտել, որ քաղաքային իշխանությունն աշխատանքներ է տանում հատկապես տրանսպորտի ոլորտում դրանք զարգացնելու ուղղությամբ:

Ֆորումի ընթացքում քննարկվել է նաև Երևանը՝ որպես նոր տեխնոլոգիական կլաստեր ձևավորելու հնարավորությունը:

Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 25 տեղական ու միջազգային խոսնակ, 30 ընկերություն և ոլորտով հետաքրքրված 1000-ից ավելի անհատ:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շրջել է նաև ֆորումի տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ, քննարկել ոլորտային մի շարք թեմաներ:

--00--ԱԱ