Արցախում 1 շաբաթում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ 79 հաղորդում է ստացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

նկար

2022 թվականի մայիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 79 հաղորդում, որից 49-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։ Դրանցից 47-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է մարմանական վնասվածք հասցնելու դեպքերը: Գրանցված 2 հաղորդումները բացահայտվել են: Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ 3 հաղորդում է ստացվել, Խարդախության՝ մասով 2, յուրացման կամ վատնման եղանակով հափշտակության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր։
ՔՀ վարչությունը համագործակցելով տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է թմրանյութի ապօրինի շրջանառության 10 դեպք և նախկինում կատարված 2 հանցագործություն։

Մայիսի 22-ին հաղորդում էր ստացվել «Կաչաղակաբերդ» ամրոցի արշավախմբին ուղեկցող 63-ամյա տղամարդու անհետ կորելու մասին: Ոստիկաններն ու փրկարարները Քոլատակ համայնքի բնակիչների հետ համատեղ իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որի արդյունքում մայիսի 23-ին ժամը 07:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ՝ արշավական Ս.Մ․-ն հայտնաբերվել է Քոլատակ համայնքի վարչական տարածքում։ Նա ողջ և առողջ է։

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, որից 10-ը նյութական վնասով, 6-ը՝ մարմնական, բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի։

Ճանապարհապարեկային ծառայության կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 89 դեպք, 30 վարորդ եղել է անսթափ վիճակում, 159-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Ոստիկանության շրջանային և տարածքային ստորաբաժանումների ծառայողները ուժեղացաված ռեժիմով շարունակում են հանրապետության տարածքում իրականացնել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, միաժամանակ աշխատանքներ տանում հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ:

Մայիսի 17-ից խստացվել են ներքին կարգուկանոնի պահպանման մեխանիզմները: