«Չունենք ո՛չ նրանց փողերի, ո՛չ նրանց կարիքը»․ ԱՄՆ-ն գողացված փողերը կվերադարձնի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ վերադարձնելով ապօրինի ձեռքբերված գումարները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ըստ աղբյուրի՝ նա հայտարարել է, որ իրենք ցանկություն ունեն աջակցելու զարգացող երկրներին վերադարձնել օրենքով իրենց պատկանող միջոցները:

«Մենք չունենք ո՛չ նրանց փողերի, ո՛չ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, որոնք չեն հարգում օրենքը և գալով այստեղ՝ թունավորում են մեր համակարգը, փորձում կաշառել մեր քաղաքացիներին», – ասել է Էրլը՝ անդրադառնալով օրինախախտ անձանց գործողություններիին:

Էրլն ասել է, որ ամերիկյան կողմը ներկա պահին սերտ համագործակցում է Հայաստանի նոր իշխանության հետ գործընթացը հաջող իրականացնելու համար:

«Շատ բան այստեղ կախված է իրենց ժողովուրդը ներկայացնող իշխանություններից, քանի որ դրա համար բոլոր գործիքներն առկա են»,- ասել է նա։

Աղբյուրը զրուցել է Transparancy International կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Սոնա Այվազյանի հետ։ Վերջինս, վկայակոչելով միջազգային մասնագետներին, տեղեկարել է, որ միայն 2004-2013 թվականներին Հայաստանից շուրջ 9 միլիարդ դոլար է ապօրինի արտահանվել, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը սահմանափակվել է արտասահմանյան ներդրումների ձեռքբերմամբ: