Գյումրիում ամուսինը սպանել է կնոջը․ ոստիկանությունը դեպքից մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ssssssssssssssssssssssss_v1.thumb_.jpg

Մայիսի 22-ին, ժամը 22.27-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դանակահարություն է եղել Գյումրու 58-րդ թաղամասում՝ եկեղեցու մոտ: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 42-ամյա Սիրանուշ Մանուկյանի դին՝ որովայնի և ծնոտի կտրած-ծակած վնասվածքներով։

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվեց, որ կնոջը վնասվածքները պատճառել էր նրա ամուսինը։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։

49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Տղամարդը ձերբակալվել է:

Հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։

--00--ՀԶ