Զարգացնելով սաթյանական ավանդույթները՝ դրանք փոխանցում եք Ձեր սաներին․ Արմեն Սարգսյանը՝ Արամ Սաթյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

մշակույթ

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին ծննդյան 75-ամյակի առթիվ․ 

«Ձեր հարցազրույցներից մեկում ասում եք, որ «կոմպոզիտորն առաջին հերթին փիլիսոփա է, նա իր ստեղծագործության մեջ պետք է կարողանա ամփոփել ժամանակը, արտացոլել ժամանակի ոգին»: Ձեր  հոբելյանի առիթով ցանկանում եմ ասել, որ ի դեմս բազմաթիվ սիմֆոնիկ, էստրադային ու կամերային ստեղծագործությունների, կինոյի ու թատրոնի համար գրված երգ ու երաժշտության,  Ձեզ, իրոք, հաջողվում է դա անել:

«Թռչեի մտքով տուն»... Տարբեր առիթներով և հատկապես պատերազմական օրերին հաճախ ենք լսել հրաշալի «Մարտիկի երգը», որի երաժշտությունը Մեծ հայրենականի տարիներին գրել է Ձեր հորեղբայրը՝ Աշոտ Սաթյանը: Այսօր Ձեր ստեղծագործությունները, հարստացնելով Ժամանակակից հայ երաժշտարվեստը, շարունակում են Սաթյանների կոմպոզիտորական գերդաստանի ավանդույթները: Մասնավորապես, Ձեր հեղինակած «Լիլիթ» փոփ օպերան համարվում է այդ ժանրում գրված առաջին հայկական ստեղծագործությունը։ 

Զարգացնելով հայ մշակույթի, այդ թվում՝ և սաթյանական ավանդույթները՝ Դուք, դրանք փոխանցում եք նաև Ձեր սաներին: Իսկ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը նորովի է խթանել ստեղծագործական միության աշխատանքները:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և ստեղծագործական եռանդ»։

--00--ԿԿ

Տեսանյութեր