Ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է. Ավինյանը՝ Լաքոթին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Փետրվարի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթը: Այդ մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը։

Ըստ Տիգրան Ավինյանի՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել, իսկ ԶՖԳ աշխատանքը Հայաստանում լրացուցիչ խթան է փոխշահավետ գործընկերության կառուցման համար:

Գայել Ասայագը շնորհակալություն է հայտնել ընդունելություն համար եւ ասել, որ գործակալությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության զարգացման նպատակների կյանքի կոչմանը։

Փոխվարչապետը նշել է, որ կառավարության ծրագրի հիմքում դրված է ներառական աճի մոդելը, որն իրենից ենթադրում է նաեւ հավելյալ միջոցների բաշխում ենթակառուցվածքների, կրթության եւ առողջապահության զարգացման համար, ինչը երկարաժամկետ կտրվածքով թույլ կտա երկրին մեծ առաջընթաց արձանագրել: Զրուցակիցները որպես երկկողմ համագործակցության համար կարեւոր ոլորտներ են առանձնացրել կառավարման համակարգի կարողությունների զարգացումը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, էներգաարդյունավետությունը, զբոսաշրջությունը, քաղաքաշինությունը:

Քննարկվել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը, որն իրականացվում է ԶՖԳ կողմից տրամադրած 75 մլն եվրո վարկով եւ կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաեւ Արարատի եւ Արմավիրի մարզերում 10 մլն եվրո արժողությամբ ոռոգելի գյուղատնտեսության զարգացման դրամաշնորհային ծրագիրը, որի նախագիծն այժմ քննարկվում է կառավարության եւ ԶՖԳ միջեւ։

Դեսպան Ժոնաթան Լաքոթն ասել է, որ վերջին շրջանում ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է, մասնավորապես սպասվում է հանրահայտ «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների ներկայացուցիչների այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ֆրանսիական գիտատեխնոլոգիական եւ կրթական համագործակցության սերտացմանը, մասնավորապես Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման, ֆրանսիական դպրոցի հետագա զարգացման, ֆրանսիական Թուլուզ քաղաքի մի շարք բուհերի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությամբ  գերհամակարգչային կենտրոնի ստեղծման հարցերին։