Արցախի ՄԻՊ-ը ուշադիր է լինելու լսողության խնդիր ունեցողների հիմնախնդիրների լուծմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը փետրվարի 14-ին մասնակցել է «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության ֆինանսավորմամբ կազմակերպված լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը:

Քննարկմանը մասնակցում էին նաեւ պետական լիազոր մարմինների եւ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում Բեգլարյանը անդրադարձել  է հաշմանդամություն ունեցող նշյալ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ հաջողությունների ու խնդիրների՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն ապահովելու բարենպաստ պայմաններ հասարակության տվյալ խմբի իրավահավասար կենսագործունեության համար: Նա շեշտադրել է, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, զբաղվածության, հաղորդակցության, մասնակցայնության եւ մի շարք այլ իրավունքների պատշաճ ապահովման անհրաժեշտությունը:

Հանդիպման վերջում պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել  հետևողականորեն ուշադիր լինել հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրների նկատմամբ եւ նպաստել դրանց համակարգային լուծմանը: