Սեդրակ Առուստամյանը ստորագրել է ստացականը, բայց Խաչատրյան եղբայրներից 41 միլիոն դոլար է պահանջում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

հասարակական

Մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագանձման գործընթաց։ ԱՄՆ համապատասխան մարմինները գույքի ձեռքբերումը որակել են որպես կոռուպցիոն սխեմայով ձևավորված եկամուտներից գոյացած գործարք, քանի որ, ըստ հաղորդագրության, Խաչատրյանին 20 միլիոն դոլար կաշառք է փոխանցել «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը՝ իր ղեկավարած բիզնեսներին բարեհաճ վերաբերմունք ցուցաբերելու նպատակով։ Սրա վերաբերյալ գործ է քննվում նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտում, թեպետ և՛ Առուստամյանը, և՛ Խաչատրյանները հերքում են կաշառքի մասին տվյալները։ Այս մասին հայտնում է Civilnet.am-ը։

Ներկայում Առուստամյանը Խաչատրյաններից դատական կարգով պահանջում է հետ վերադարձնել մոտ 41 միլիոն դոլար, որը ներառում է նաև փոխառության պայմանագրով սահմանված տոկոսագումարները։ Ապրիլի 1-ին դատարանը վարույթ է ընդունել Առուստամյանի հայցը։

Բացի քաղաքացիական հայցից՝ Առուստամյանի պաշտպանները դիմել են նաև սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել փոխառուներին՝ Գագիկ Խաչատրյանի որդիներ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին։ «Դատալեքս» հարթակից տեղեկանում ենք, որ 2009 և 2011 թվականների ընթացքում Առուստամյանի և Խաչատրյանի որդիների միջև կնքվել է փոխառության երեք պայմանագիր՝ ավելի քան 30 միլիոն դոլարի չափով։ Ըստ դատական գործի նյութերի՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով հարցաքննության ժամանակ Գուրգեն Խաչատրյանը հայտնել է, որ Առուստամյանից փոխառություն են վերցրել՝ ԱՄՆ-ի առանձնատունը գնելու համար՝ նպատակ ունենալով ԱՄՆ-ում գնված այդ գույքը վերակառուցել, ընդլայնել ու շահավետ վաճառել, որի գումարը կուղղվի Առուստամյանի փոխառության մարմանը։

Սնանկության դատարանում քննվող գործի համաձայն՝ Խաչատրյանները, Առուստամյանից ստանալով փոխառության գումարները, նախ 7 միլիոն դոլարով գնել են Լոս Անջելեսի Ռոբերտ Լեյն հասցեի 424 սեփական տունը, ապա Սեդրակ Առուստամյանը, տեսնելով, որ գործարքը շահավետ է, Խաչատրյաններին տվել է ևս 13,4 միլիոն դոլար՝ Սաութ Մափլթոն Դրայվ (South Mapleton Drive) հասցեում առանձնատուն գնելու, շահավետ վաճառելու համար։ ԱՄՆ իրավասու մարմինները հենց այս առանձնատունն է, որ ցանկանում են բռնագանձել։

Մարտի 24-ին դատարանը Գուրգեն Խաչատրյանին սնանկ է ճանաչել։ Նրա պաշտպանները ներկայում որոշումը բողոքարկում են։

Արտյոմ Խաչատրյանը, մինչդեռ, նույն գործով չի ճանաչվել սնանկ։ Սնանկության դատարանը որոշել է մերժել Առուստամյանի հայցը։ Արտյոմ Խաչատրյանին սնանկ ճանաչելու գործընթացում, սակայն, կա մի էական փաստ, որը բեկում է մտցրել դատական գործում. դրա ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Խաչատրյանները դատարան են ներկայացրել համապատասխան ստացական, որի բովանդակությունն այն է, որ կողմերը՝ Առուստամյանն ու Խաչատրյան եղբայրները, իրարից պարտքուպահանջի չունեն, փոխառության մարումներն արված են։

«Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրեն Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են գումարի բռնագանձում պահանջում Խաչատրյաններից, եթե առկա է պարտքուպահանջի բացակայության մասին ստացական, պարզաբանեց․ «Նման ստացական առկա է, սակայն ո՛չ առձեռն, ո՛չ բանկային փոխանցման եղանակով փոխառության գումարները Առուստամյանը հետ չի ստացել։ Սնանկության դատարան այդպիսի թուղթ ներկայացվել է։ Այդ ստացականները լրիվ այլն նպատակով էին կազմվել… այդ գումարները Առուստամյանը չի ստացել։ Ստացականները տրվել էին բոլորովին այլ նպատակների համար»։ Առուստամյանի փաստաբանն ասաց, թե չի կարող բացահայտել՝ որոնք էին այդ «այլ նպատակները»։

Փաստացի, ըստ Հովիկ Սուքիասյանի, ստացականները եղել են, բայց գումարը ո՛չ Առուստամյանի հաշվին է փոխանցվել, ո՛չ էլ կանխիկ է տրվել։ «Ստացականները չպիտի ներկայացնեին, որովհետև դրա տակ փող չկա, փոխանցումներ չեն եղել։ Հիմա նրանք ասում են, որ գումարը տրված է, իսկ մենք պնդում ենք, որ տրված չէ։ Թող ցույց տան փաստաթուղթ, որ գումարը փոխանցել են, վերադարձի վերաբերյալ որևէ բան չկա, բանկային քաղվածքներ չկան»,- հայտարարեց Առուստամյանի պաշտպանը։ Թե ինչ նպատակով է կազմվել ստացականը, փաստաբանը հրաժարվեց հայտնել։

Վերջինիս փոխանցմամբ՝ սնանկության դատարան դիմել են, քանի որ կա «անվիճելի պարտավորություն», և քաղաքացիական հայցին զուգահեռ որոշել են նաև այս ճանապարհով գնալ։

Այժմ Առոստամյանի փաստաբանը բողոքարկում է եղբայրներից Արտյոմ Խաչատրյանին սնանկ չճանաչելու դատարանի որոշումը, իսկ Գուրգեն Խաչատրյանի փաստաբանները բողոքարկում են վերջինիս սնանկ ճանաչելու որոշումը՝ պահանջելով կարճել սնանկության վարույթը։

--00--ԿԿ

Տեսանյութեր