Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ է. հայտարարագիր չեն ներկայացրել․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

,

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, բայց շատ պաշտոնյաներ այդ կարեւոր գործը էլի թողել են վերջին օրերին: Գաղտնիք չէ, որ հայտարարագիր ներկայացնելուց նաեւ այլ փաստաթղթեր էլ են անհրաժեշտ, երբեմն բանկերից քաղվածքներ, նոտարից ու կադաստրից տեղեկանքներ եւ այլն, ու այս հանգամանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ ու գերլարված իրավիճակ է ստեղծել:

Ավելին՝ թեեւ ընդամենը մեկ շաբաթ է մնացել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, հայտարարատու պաշտոնյաների մոտ 80 տոկոսը դեռ նոր է որոշել հայտարարագրի ձեւը լրացնել: Ասել է թե՝ դանակը հասել է ոսկորին, պաշտոնյաները նոր են գործի անցել: Հատուկենտ բարեխիղճ ու պատասխանատու պաշտոնյաներ են, որ արդեն ներկայացրել են իրենց հայտարարագիրը:

Դրա հետեւանքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը երբեմն խափանվում է: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, որն ի պատասխան հայտնեց. «Այդպես չէ, որ շատերը չեն ներկայացրել հայտարարագիրը: Բավականին թվով հայտարարատուներ ներկայացրել են արդեն, բայց սովորաբար բոլորը այդ վերջին պահին են լրացնում. այդպես չէ, որ խնդիր են ունեցել:

Ծանրաբեռնվածությունը զուտ կայքի հասանելիության խնդիրն է, տեխնիկապես արդեն դժվար է սպասարկում, մեկ էլ զանգերն են շատ, բայց, նախորդ տարիների համեմատ, ավելի է կատարելագործվել գործընթացը եւ այս պահին ավելի բարվոք վիճակում է», – նշեց նա: Հավելենք, որ հայտարարագիր լրացնելը խիստ կարեւոր գործընթաց է կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից, սակայն անգամ իշխանական շատ գործիչներ դրան մատերի արանքով են նայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ