Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը․ այս պահին դռնփակ ռեժիմ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Ռոբերտ Քոչարյան նիստ

 
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ Այս պահին դատարանը քննում է պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել՝ լրացուցիչ նյութեր տրամադրելու համար։  
 
Ալումյանը հայտնեց, որ մայիսի 17-ին նամակով դիմել է գլխավոր դատախազին և խնդրել տեղեկություն տրամադրել՝ թե ի՞նչ հիմնավորմամբ է որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Պաշտպանը նաև խնդրել է տրամադրել կա՛մ համապատասխան որոշման պատճենը, կա՛մ հայտնել՝ թե ի՞նչ հանգամանքներ են հաշվի առնվել այդ գործով։ Սակայն մինչ օրս գլխավոր դատախազից պատասխան չկա։ Նույն խնդրով Ալումյանը դիմել է նաև Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից պատասխանել են, որ օրենքով նախատեսված չէ այդ տվյալների տրամադրումը։  
 
Ալումյանը դիմեց դատախազներին, որ նրանք տրամադրեն այդ տվյալները պաշտպաններին կամ դատարանին, ինչին ի պատասխան նախագահող դատավորն ասաց, որ դատարանը չի կարող պարտավորեցնել մեղադրող կողմին։ «Եթե անհրաժեշտ համարեն, կներկայացնեն», - նշեց Դանիբեկյանը։ 
 
Այնուհետև Ալումյանը տեղեկացրեց, որ դիմել է մեկ այլ գործով պաշտպան Ամրամ Մակինյանին, ներկայացրել է դատական նիստի տեսաձայնագրությունը և խնդրել նրան տեղեկություն տրամադրել իր պաշտպանյալի վերաբերյալ։ Նամակին ի պատասխան Մակինյանը տրամադրել է Հակակոռուպցիոն կոմիտեի Քննչական երրորդ վարչության պետի պաշտոնակատար Հրաչ Մուշեղյանի 22․11․2021 թ․-ի որոշումը։ Ներկայացնելով փաստաթուղթը դատարանին՝ Ալումյանը միջնորդեց դատական նիստը շարունակել դռնփակ ռեժիմով, քանի որ պատասխանի մեջ գրվածը, ինչն էլ պետք է հետազոտվի, վերաբերում է սույն դատավարության հետ մասնակից չհանդիսացող անձին։  
 
Այս պահին դատավարությունը շարունակվում է փակ դռների հետևում։

--00--ԱԱ