Աշխատանքներ են տարվում Վրաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանի բացման հարցով. Վրաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

հասարակական

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ ակտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ ցամաքային սահմանի բացման հարցով։

Ինչպես փոխանցում է Aliq.ge-Ն, մասնավորապես, ըստ նախարարության, Վրաստանի դեսպանատան ջանքերի արդյունքում անցյալ տարվա մարտի 19-ից վերսկսվել են Բաքու-Թբիլիսի չվերթները, իսկ հունիսի 1-ից կվերսկսվեն Բաքու-Բաթում չվերթները։

«Հարկ է նշել, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանի բացման հարցը բազմիցս քննարկվել է կողմերի միջև երկկողմ պաշտոնական կամ աշխատանքային հանդիպումների ժամանակ։

Տեղեկացնում ենք, որ ուղևորների ազատ տեղաշարժի համար Ադրբեջանի հետ ցամաքային սահմանը կրկին փակ է սահմանակից բոլոր երկրների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս պահին երկրի ղեկավարությունը ցամաքային սահմանները բացելու որոշում չի կայացրել»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկության՝ արտաքին գործերի նախարարությունը և Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը ակտիվորեն աշխատում են ադրբեջանական կողմում գործող սահմանափակումները հնարավորինս մեղմելու ուղղությամբ, սակայն ստեղծված իրավիճակից ելնելով դեռևս կան որոշ կանոնակարգեր, որոնք ուժի մեջ են.

«Ակտիվ բանակցությունների արդյունքում Վրաստանից օդային ճանապարհով մեկնող ուղևորների համար ադրբեջանական կողմի սահմանած կարգավորումներն արդեն հանվել են։ Ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհով երթևեկող ուղևորներին, ապա աշխատանքներ են տարվում նրանց համար էլ այդ կանոնակարգերը մեղմելու ուղղությամբ»:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով 2020 թվականի մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Արդեն 2021 թվականի հուլիսի 1-ից Վրաստանը երկրում տուրիզմը խթանելու նպատակով բացեց ցամաքային սահմանները:

Տեսանյութեր