Փաշինյանը թվարկեց տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումները

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

 Կառավարության այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց տնտեսական հեղափոխությանը խթանող միջոցառումների ցանկը։

1.Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

2.Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով:

3.Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը:

4.Մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից:

5.Հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը աշխատավարձերով, հասցեով, ընկերություններով:

6.Բացահայտել այն մարդկանց, ովքեր ամսական 100 հազար դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են սոցիալական նպաստների համակարգից:

7.Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել:

8.Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարակավորելու գործուն մեխանիզմներ մշակել:

9.Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

10.Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները և նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը: Այս նպատակով բանակցել և համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի հանրային հեռուստաընկերության և մյուս հեռուստաընկերությունների հետ:

11.Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում:

12.Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերը ամբողջությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքների ծավալները մեծացնելու համար:

13.Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ :

14.Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը:

15.Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել: