Լիոնում կայացել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Ն․Հակոբյանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Ինտերպոլ կոնֆերանս

Մայիսի 17-ից 19-ը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայրում՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 49-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Եվրոպայի տարածաշրջանի 50 երկրների շուրջ 120 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, բացման խոսքով հանդես են եկել Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին և գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը: Ելույթներ ունեցան Ինտերպոլի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ և անդամ երկրների պատվիրակներ:

Հիմնական քննարկումներից մեկը նվիրված էր Եվրոպայի տարածաշրջանի երկրներում սահմանային անվտանգության սպառնալիքներին, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև միգրանտների թվի աննախադեպ աճին, ինչը պայմանավորված է հակամարտության գոտում գտնվող երկրներից դեպի եվրոպական երկրներ արտագաղթողների թվի աճով:

Կոնֆերանսի առաջին օրը տեղի է ունեցել հանդիպում Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանի միջև: Քննարկվեցին համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր:

Կոնֆերանսի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ, մասնավորապես՝ ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարում Ինտերպոլի արձագանքը, Եվրոպական տարածաշրջանում Ինտերպոլի i-ARMS համակարգի և ապօրինի զենք-զինամթերքի տվյալների պահոցի օգտագործում, Ինտերպոլի գործիքակազմի և հնարավորությունների օգտագործում՝ կիբեռհանցավորության կանխման, բացահայտման և խափանման նպատակով, 2022-2025 թթ. Ինտերպոլի ռազմավարությունը եվրոպական տարածաշրջանի համար, ինչպես նաև պատերազմական հանցագործությունների դեմ պայքարում եվրոպական տարածաշրջանի երկրների աջակցության խթանում:

Հանդիպման ավարտին որոշվել է Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային հաջորդ՝ 50-րդ կոնֆերանսն անցկացնել Չեռնոգորիայի Հանրապետությունում:

--00--ԱԱ