Վարչապետի պայմանը․ կթույլատրեն ներկրել սահմանին մնացած աջ ղեկովները, ոչ՝ նոր գնվածները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Կառավարության նիստի օրակարգում է եղել նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման թույլտվության ժամկետը փոխվում է։

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ-ի՝ 2018 թվականի մարտի 1-ի թիվ ՀՕ-125-Ն օրենքի 2-րդ հոդվածի «որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը» բառերը փոխարինել «որոնք ՀՀ տարածք ներմուծողների կողմից մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը և ՀՀ տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը» բառերով»:

Այսինքն՝ կառավարությունը լրացուցիչ ժամանակ է տրամադրում, որ այն քաղաքացիները, որոնք աջ ղեկով մեքենա են ձեռք բերել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, նրանք կարողանան դրանք մինչև սույն թվականի ապրիլի 1-ը ներկրել Հայաստան։

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը մտցվել էր նախրոդ կառավարության ժամանակ, բայց դրանից հետո էլի մի շարք քաղաքացիներ շարունակել էին դրսից ձեռք բերել աջ ղեկով մեքենաներ ու ներմուծել Հայաստան։ Բայց արդեն սահմանին կանգնել էին փաստի առաջ, քանզի նրանց թույլ չէին տվել մեքենաները մտցնել ՀՀ սահմանից ներս։ Հիմա կառավարությունն այս որոշմամբ փաստացի պատուհան է բացում, որ այդ ձեռք բերված մեքենաները չմնան սահմանին և կարողանան ներկրվել Հայաստան։ Այս պահին բազմաթիվ մեքենաներ կան Վրաստան-Հայաստան սահմանի մաքսային գոտում։

Նախագիծը կառավարության դատին է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Նախագիծն այնուհետև կուղարկվի խորհրդարանական քննարկման։

Վարչապետը նշել է, որ խոսքը վերաբերում է միայն այն 442 մեքենաներին, որոնք մնացել են Հայաստանի սահմանին՝ մաքսային գոտում։ Սրանով վարչապետը հստակեցում է մտցրել նախագծի բովանդակության մեջ՝ նշելով, որ պետք է նախագծով թույլ տրվի միայն կոնկրետ այդ 442 մեքենաների ներկրումը, ոչ թե այն մեքենաների, որոնք այս պահին գնվել են, բայց դեռ Ճապոնիայում են։

«Եվ սրանով այս հարցը փակում ենք, քանի որ մենք այդ մարդկանց հետ պայմանավորվել ենք միայն սահմանին մնացած մեքենաների մասով»,-ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրենք դա են պայմանավորվել ներկրողների հետ։ Հակոբ Արշակյանն էլ խոստացել է նախագիծը տանել, լրամշակել, նորից բերել։