Տեխասում 21 մարդ է զոհվել գնդակոծության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

1084134.jpg

ԱՄՆ-ի Տեխասի նահանգի հարավի տարրական դպրոցներից մեկում իրականացված գնդակոծության հետեւանքով զոհվել է 21 մարդ՝ 18 երեխա եւ երեք չափահաս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, CNN հեռուստաալիքին հաղորդել է նահանգի սենատոր Ռոլանդ Գուտիերեսը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Ավելի վաղ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ զոհ է դարձել 14 երեխա եւ ուսուցիչներից մեկը:

Նա հայտնել է, որ հրաձիգը ճանաչված է, նա 18-ամյա Սալվադոր Ռամոսն էր, որը, ըստ երեւույթին, ոչնչացվել է միջադեպի վայր ժամանած ոստիկանների կողմից: Նրանցից երկուսը փոխհրաձգության ընթացքում թեթեւ վերքեր են ստացել: Էբոթն ասել է, որ հրաձիգը մեքենան թողել էր դպրոցի մոտ, շենք մտել ատրճանակով եւ, ըստ որոշ տվյալների, հրացանով: Դպրոց ուղեւորվելուց առաջ Ռամոսը կրակել է իր տատիկի վրա, որն առայժմ ողջ է եւ գտնվում է հիվանդանոցներից մեկում: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարգադրել է խոնարհել դրոշները ի հիշատակ զոհվածների, հաղորդել է Սպիտակ տունը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՀԶ             

 

 

Տեսանյութեր