Հայաստանն ու Պորտուգալիան անշեղորեն զարգացնում են միջպետական կապերը․ համատեղ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

16534703130179.jpeg

Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳՆ-ները համատեղ հայտարարություն են տարածել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, որում ասված է․

«Մայիսի 25-ին Պորտուգալիան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը տեղի է ունենում աշխարհում, ու մասնավորապես, Եվրասիական տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների և լարվածության ֆոնին, և հետևաբար, երկու երկրները մեծապես գնահատում են իրենց միավորող բարեկամական ու գործընկերական ամուր և երկարատև կապերը:

Անցյալում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցեր, մասնավորապես՝ Պորտուգալիայի փոխվարչապետի, արտաքին գործերի նախարարի այցերը Երևան, և Հայաստանի նախագահի ու ԱԳ նախարարների այցերը Լիսաբոն, որոնք առկա բարեկամական երկկողմ հարաբերությունների հավելյալ վկայություն են։

Հայաստանն ու Պորտուգալիան իրական գործընկերներ են և կիսում են մի շարք առաջնահերթություններ և ընդհանուր արժեքներ: Երկու երկրները հանդես են գալիս որպես Հայաստանի, Եվրամիության և նրա անդամ պետությունների միջև 2017թ․ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմեր, ու բարեբախտ զուգադիպություն է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման այս հոբելյանը համընկնում է Համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրագործման դինամիկ գործընթացի հետ։

Այս առթիվ Պորտուգալիան և Հայաստանը ցանկանում են վերահաստատել իրենց հանձնառությունը՝ առավել ամրապնդելու միջպետական երկխոսությունը քաղաքական, տնտեսական և ոլորտային մակարդակներում, ինչպես նաև ամրապնդել իրենց փոխգործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և միջազգային, տարածաշրջանային ու բազմակողմ այլ հարթակների շրջանակներում, որտեղ երկու երկրներն արդեն իսկ արձանագրել են ամուր և արդյունավետ համագործակցություն։

Պորտուգալիան հետևողականորեն աջակցում է Հայաստանին՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Հայաստանն էլ իր հերթին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Պորտուգալիայի հետ զարգացնելու առևտուրը և համագործակցությունը կրթական, մշակութային փոխանակումների, գիտական հետազոտությունների, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում։

Պորտուգալիայի և հայ ժողովրդի միջև բարեկամության ոգին, ու մասնավորապես, «Գալուստ Գյուլբենկյան» հաստատության բարեգործական ուժը հանդիսանում են որպես համերաշխության խորհրդանիշ և կամուրջ, որոնք ի զորու են առավել միավորել երկու երկրներին, ինչպես նաև Արևելքի և Արևմուտքի մյուս ժողովուրդներին ու մշակույթներին։

Այսօր Հայաստանն ու Պորտուգալիան անշեղորեն զարգացնում են միջպետական կապերը և նպատակ ունեն էլ ավելի սերտորեն աշխատել միմյանց հետ՝ բացահայտելու հարաբերություններում չօգտագործված հսկայական ներուժը ի բարօրություն իրենց քաղաքացիների»:

--00--ՀԶ