Հայաստանի Հանրապետությունն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Համբարձում Մաթևոսյան կլիմա

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մայիսի 25-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի՝ որպես Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կողմերի 26-րդ կոնֆերանսի նախագահող երկրի տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանին և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին:

Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային պայքարին միացած Հայաստանի Հանրապետության գործողություններն ու միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել է առաջիկա գործողությունների պլանին՝ ընդգծելով, որ տնտեսության «կանաչ վերականգնումը» խրախուսելու նպատակով էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչև 2030թ. արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը հասցնել 15%-ի։

«Այս տեսանկյունից Կառավարության առաջնահերթություններից է նաև կանաչ և կայուն կենսակերպի  խթանումը և անցումը էլեկտրական շարժունակությանը»,- տեղեկացրել է փոխվարչապետը։

Դեսպան Դեյվիդ Մորանը բարձր է գնահատել համաշխարհային պայքարին միացած Հայաստանի ջանքերը և ընդգծել, որ Հայաստանի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդն իր ձևաչափով և ներառականությամբ լավագույն օրինակներից է։  

Հանդիպմանը հաջորդել է Խորհրդի նիստը։

Դիմելով ներկաներին՝ փոխվարչապետը նշել է, որ կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, և որևէ առանձին պետություն չի կարող դրան միայնակ դիմակայել՝ այդ համատեքստում կարևորելով ուժերի և ջանքերի մեկտեղումը։ «Հայաստանը անհրաժեշտ է համարում համաշխարհային միասնական արձագանք ցուցաբերել կլիմայի փոփոխության մարտահրավերներին և վերահաստատում է դեպի ցածր ածխածնային տնտեսության անցման հանձնառությունը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ և բավականաչափ ներուժ՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու և այդ համալիր ծրագրի բոլոր ուղղություններով տեսանելի ապագայում լուրջ արդյունքներ արձանագրելու համար։

Փոխվարչապետի, դեսպան Դեյվիդ Մորանի և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ողջույնի խոսքերին հաջորդել է օրակարգային հարցերի քննարկումը։ Մասնավորապես ներկայացվել են Կոնվենցիայի ներքո միջազգային աջակցության շրջանակներում տեղի ունեցող գործընթացները, «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագիրը, Հայաստանում կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ «Գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի» հետազոտության արդյունքները, անդրադարձ է կատարվել նաև ֆիսկալ որոշումների կայացման գործընթացում կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումների ինտեգրմանը։

--00--ԱԱ