Հայաստանը և Կուբան առողջապահության ոլորտում կգործակցեն․Ավանեսյանը կուբացի գործընկերոջը հրավիրել է ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար

Հայաստանն ու Կուբան առողջապահության ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի առողջապահության և Կուբայի հանրային առողջության նախարարները: Անահիտ Ավանեսյանն ու Խոսե Անխել Պորտալ Միրանդան քննարկման շրջանակներում անդրադարձել են երկու երկրների առողջապահության համակարգերի առաջնահերթություններին:

Մասնավորապես, պայմանավորվել են գործակցել առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության, հետբուհական բժշկական կրթության, կլինիկական հետազոտությունների ոլորտներում: Խոսե Անխել Պորտալ Միրանդան Անահիտ Ավանեսյանին հրավիրել է Կուբա:

ՀՀ առողջապահության նախարարն էլ իր հերթին հրավիրել է Կուբայի հանրային առողջության նախարարին` մասնակցելու հոկտեմբերի 5-7-ը Երևանում կայանալիք արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:

--00—ԼՄ