Ունեմ առաքելություն Հայաստանը դարձնելու հաջողակ գիտատեխնոլոգիական երկիր. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկում է, և մենք պետք է առերեսվենք իրականությանը, որ կանգնած ենք տարբեր քաղաքակրթությունների, ճակատագրերի, հավատալիքների ու գաղափարների, կրոնների սահմանին։ Գերմանիայի հնագույն համալսարաններից Հայդելբերգում ուսանողների և դասախոսների առջև ելույթ ունենալիս երեկ այսպես ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Thumbnail

«Հիմա՝ 21-րդ դարում, աշխարհը փոխվում է և փոխվում է դրամատիկ կերպով»,- նկատեց նա: Իր ելույթում նախագահը նշեց, որ ուրախ է լինել աշխարհի ամենահին համալսարաններից մեկում, որն աշխարհին մեծ թվով Նոբելյան մրցանակակիրներ է տվել։

Նրա ելույթը, մասնավորապես, ժամանակակից աշխարհի միտումների, նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարությունների կարևորության մասին էր:

«Բարի գալուստ նոր աշխարհ, որը գեղեցիկ է։ Այն ինձ հիշեցնում է ռենեսանսի ժամանակաշրջանը կամ վաղ 20-րդ դարը, երբ մեծ հայտնագործություններ արվեցին։ Ներկայում մեծ թվով հարցեր կան, և մարդիկ հանդես են գալիս խնդիրների լուծման ոչ ստանդարտ գաղափարներով։  21-րդ դարը լինելու է մի դարաշրջան, երբ գիտության, տեխնոլոգիաների և կրթության նոր ուղիների շնորhիվ հայտնագործությունների հանդեպ ոգևորությունը հսկայական է լինելու և այն անդրադառնալու է նոր աշխարհի հանրային ու քաղաքական կյանքի վրա»,- նշել է նախագահ Սարգսյանը։

Նախագահն ընդգծեց, որ նոր աշխարհում կարևոր դեր է վերապահված Հայաստանին։ «Մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք, ուժեղ կերպով փոխկապակցված ենք։ Սա մի ազգ է, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների, կրոնների խաչմերուկում ու կարողացել ենք վերապրել։ Սա ևս մեկ հատկանիշ է, որը 21-րդ դարում կարևոր է»,- ասաց նա:

Thumbnail

Երկրում, որտեղ բնական պաշարները շատ չեն, ըստ նախագահի, մենք ունենք գիտության և տեխնոլոգիաների շատ լավ դպրոց, որը զարգացել է ավելի քան հարյուր տարի առաջ։ «Ունենք մեծ մշակութային ժառանգություն, քրիստոնյա ժառանգություն։ Եվ այս նոր աշխարհում ժամանակն է ցույց տալու, որ փոքրը կարող է լինել գեղեցիկ։

Մենք երիտասարդ ազգ և պետություն ենք, որը հիանալի հնարավորություն ունի կառուցելու նոր երկիր նոր աշխարհում՝ հիմնվելով գիտության ուժի, բացահայտումների և նորարարությունների ու կրթության որակի վրա»,- նշեց նա:

Thumbnail

Ըստ Արմեն Սարգսյանի՝ նոր աշխարհի նոր Հայաստանում կան շատ ուղիներ, որոնցով կարող ենք աշխատել Գերմանիայի` մասնավորապես Հայդելբերգի հետ։ «Եվ այդ համագործակցության հարցում պետք է կենտրոնանանք ապագայի, նոր տեխնոլոգիաների, տեխնոլոգիական կրթության վրա։ Մենք ունենք լավ մաթեմատիկոսներ, ովքեր կարող են օգտակար լինել արհեստական բանականության մշակման հարցում։ Կարող ենք ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում նոր ուսումնասիրություններ անել միասին։ Եվ այս համատեքստում դուք կարող եք օգտագործել հայկական համաշխարհային ցանցը, քանի որ, երբ ես ասում եմ Հայաստան, նկատի չունեմ միայն Հայաստանում ապրող հայերին, նկատի ունեմ աշխարհով մեկ սփռված բոլոր հայ ուսումնասիրողներին, գիտնականներին ու գործարարներին»,-ասաց նա ներկաներին:

Հետո նա հավելեց, որ  իսկապես ունի գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել փոքր, սակայն շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։ «Այս հարցում առաջ պետք է ընթանալ ընկերների հետ, և ես Հայդելբերգի համալսարանը դիտարկում եմ իբրև ընկերոջ։ Ակնկալում եմ կամուրջներ կառուցել հայկական համալսարանների ու Հայդելբերգի միջև։ Առավելագույնը, որ կարող եմ անել, այս համագործակցությունն իրական դարձնելն է»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։

Thumbnail

Նշենք, որ  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նա հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարությանը՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Բերնհարդ Այթելի  հետ, ծանոթացել է բուհի իրականացրած կրթական ծրագրերին, ներկայացրել է նաև հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։

Իսկ մինչ իր ելույթը նա նաև այցելել էր Հայդելբերգի համալսարանի գրադարան և ծանոթացել այնտեղ պահվող միջնադարյան գրքերի։ Այս համատեքստում նախագահը ներկայացրել է հնագույն ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի աշխատանքն ու ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր աշխատանքներ կարող են իրականացնել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։