Շրջակա միջավայրի նախարարը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է կլիմայական հիմնախնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի՝ որպես Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կողմերի 26-րդ կոնֆերանսի նախագահող երկրի, տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանին և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ շնորհավորել է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հոբելյանական 30-ամյակի առթիվ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել պարոն Մորանին իր կատարած կարևոր աշխատանքի համար որպես կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP26-ի հարցերով տարածաշրջանային դեսպան։

Նախարարն անդրադարձել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերին Գլազգոյում կայացած Կողմերի 26-րդ համաժողովի (որին նաև մասնակցել է հայկական պատվիրակությունը շրջակա միջավայրի նախարարի տեղակալի գլխավորությամբ) շրջանակներում ՀՀ-Մեծ Բրիտանիա համագործակցությանը և շնորհակալություն հայտնել Մեծ Բրիտանիային Համաժողովի կազմակերպման և հյուրընկալման համար։

Նախարարը տեղեկացրել է, որ այժմ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում COP27-ին մասնակցության համար և պատրաստակամություն է հայտնել գործընթացներին ակտիվորեն ներգրավվելու։

Անցնելով հանդիպման օրակարգային հարցերին՝ նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում ՀՀ կառավարության ընթացիկ աշխատանքները։

«Կլիմայական ոլորտում ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար ՀՀ կառավարությունն ունի բավականին հավակնոտ օրակարգ։
Մեր Կառավարությունն իր բոլոր ջանքերը ներդնում է կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության կարողությունները բարձրացնելու, օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ», – նշել է նախարարը և հավելել, որ այդ համատեքստում չափազանց կարևոր է միջազգային գործընկերների դերն ու շարունակական աջակցությունը։

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանն այսօր ջանքեր է գործադրում ցածր ածխածնային զարգացման, վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի ավելացման, էներգախնայողության, էլեկտրական շարժունակությանն անցման խթանման, անտառածածկ տարածքների պահպանման և ընդլայնման ուղղությամբ։

Նախարարն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախանշված է որպես առաջնահերթություն և խոսել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ստեղծման կարևորությունից՝ նշելով, որ 2021 թվականին խորհրդի կազմի փոփոխությամբ (ներկայումս ղեկավարվում է փոխվարչապետի կողմից) արձանագրվել է կլիմայական օրակարգին վերաբերելի որոշումների քաղաքական ղեկավարման մակարդակի բարձրացում և խորհրդի իրավասության շրջանակի ընդլայնում։

Պարոն Մորանն իր հերթին նշել է, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ այդաստիճան բարձր մակարդակի խորհուրդ է ձևավորվել կլիմայական հիմնախնդիրների լուծման նպատակով։

Կողմերը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ կլիմայական ծրագրերի համար ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնման և ամբողջ կառավարությանը գործընթացներին ներգրավելու համար։

--00—ԼՄ