Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Վաչագան Ղազարյանի հայտարարագրերի գործով բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

իրավական

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերի գործով Կոռուցպիայի կանխարգելման հանձնաժողովի բողոքը: Այս մասին Hetq.am-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գործով զեկուցող դատավորը Սուրեն Անտոնյանն է, բողոքը վարույթ է ընդունվել մայիսի 5-ին:

Հիշեցնենք, որ 2019թ․ մայիսի 17-ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցադիմումն ընդդեմ այժմյան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավանախորդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի:

Դատարանը հանձնաժողովին պարտավորեցրել է Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018-ի՝ պաշտոնի դադարեցման հայտարարագրերը ոչնչացնել, և հանձնաժողովը բողոքարկել է վճիռը:

Շուրջ երկու տարի քննելուց հետո Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է հանձնաժողովի բողոքը: Դրանից հետո հանձնաժողովը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Նշենք, որ Ղազարյանը վարչական հայց էր ներկայացրել այն բանից հետո, երբ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել, պահանջում էր «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել իր և կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնել դրանք ոչնչացնել:

Դեռևս Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` արդարացնող հիմքով: ՀՔԾ քննիչը Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ արձանագրել է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի 1-ին տեղակալը բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկից հանվել է, հետևաբար այդ պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը ապրիլի 9-ից դադարել է հայտարարատու պաշտոնատար անձ լինելուց:

--00--ԿԿ

Տեսանյութեր