Ապրիլյանի մասնակից ուսանողների ուսման վարձի զեղչման համար ընդունվում են փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջեւ կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն` ուսման վարձավճարների զեղչի նպատակով:

Ծրագրին կարող են դիմել առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում իրականացրել են մարտական հերթապահություն կամ մասնակցել են մարտական գործողությունների (զինվորական գրքույկում պարտադիր է համապատասխան նշման առկայությունը) եւ բուհում առաջադիմությունից ելնելով օգտվում են մինչեւ 50 տոկոս զեղչից:

Նշված ծրագրով 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողներն՝ ըստ առաջադիմության, կարող են ստանալ լրացուցիչ  20 տոկոս զեղչ: Դիմողները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝

1.Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը եւ պատճենը, /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/

2. 3×4 չափսի մեկ լուսանկար,

3. ուսանողական տոմսի պատճեն,

4. ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից,

5. զինվորական գրքույկը եւ զինվորական գրքույկի պատճենը /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/, եթե զինվորական գրքույկում հստակ նշված չէ, որ մարտական հերթապահությունը իրականացվել է 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում, ապա զինվորական գրքուկից բացի անհրաժեշտ է ներկայացնել կնքված տեղեկանք համապատասխան տարածքային զինկոմիսարյատից,

6. տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա/հեռակա ուսուցմամբ բակալավրի/մագիստրոսի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաեւ այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկս զեղչից,

7. լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետեւյալ հղումով:

Տեղեկացնում ենք, որ բուհի,  ՀՀ ԿԳՆ-ի եւ ՀԵՀ-ի  կողմից  տրամադրվող ընդհանուր զեղչի գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:

Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երեւան, Աբովյան 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00:

Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922: