2020-ին 450 միկրոավտոբուս պետք է լքեն Երևանի տրանսպորտային ցանցը. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

2020 թ. Երևանում 450 միկրոավտոբուս այլեւս շահագործման ենթակա չի լինի։ Այդ  մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ 

«Օրենքով նախատեսվում է՝ միկրոավտոբուսները 15 տարուց ավելի չեն կարող շահագործել, և մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի Երևանի տրանսպորտային ցանցը այն դեպքում, երբ օրական 900 միկրոավտուբուս է սպասարկում Երևանը, այսինքն՝ տրանսպորտային ցանցի մոտ կեսն այլևս չեն կարողանա սպասարկել»,–ասել է նա՝ նշելով, որ քաղաքապետարանը փորձում է հրատապ կերպով լուծել այդ խնդիրը։

Նա նաև նշել է, որ նախքան տրանսպորտային ցանցի արդիականացումը, պետք է խնդրին ժամանակավոր լուծում տրվի։

«Այս պահին ծայրահեղ դժվար վիճակում է Երըանը՝ տրանսպորտային ցանցի մասով։ Չէր կարելի ցանցն այս վիճակում գցել, բայց արել են, մենք այսպես ենք ստացել ցանցը և պետք է ելքը գտնենք»,–ասել է Մարությանը։

Անդրադառնալով Երևանի տրանսպորտային ցանցի արդիականանցման ծրագրին, Մարությանն ասել է, որ միջազգային WYG խորհրդատու ընկերությունը օրերս ավարտել է ծրագրի ուսումնասիրությունը։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 200-250 մլն դոլար։

«Դա ահռելի մեծ գումար է, և ես չեմ կարծում, որ Երևանը կարող է ինքնուրույն կազմակերպել դա, այստեղ մեզ պետք է լինելու պետության օժանդակությունը»,–ասել է Մարությանը՝ նշելով, որ նախքան այդ պետք է ժամանակավոր լուծում գտնել։

«Ասում ենք՝ երկու տարուց ցանցը կլինի, բայց ոչ ոք երկու տարվա համար չի ցանկանում ներդրում անել, տարբեր լուծումներ կան, մենք կգտնենք հարցն ամենաօպտիմալ ճանապարհով լուծելու տարբերակը»,–նշել է քաղաքապետը։