Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կրկին փակել են Երևան–Թբիլիսի երկաթգիծը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան–Թբիլիսի երկաթգիծը` պահանջելով հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երկու օր առաջ նույն իրավիճակն էր, սակայն բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էին Լոռու մարզպետն ու մարզի ոստիկանապետը, պայմանավորվել  երկաթգիծը բացել և հարցը քննարկել ամսի 15-ին կայանալիք հանդիպմանը: Դրան պետք է ներկա լինեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «ՎՏԲ» բանկի ներկայացուցիչը, «ACP» ընկերության սեփականատեր և ալավերդցիները:

Նախապես հայտարարված ժամին ալավերդցիները երկաթգծի մոտ են եղել, սակայն կառավարության ներկայացուցիչներն այդպես էլ չեն եկել: Այս անգամ հանդիպման են եկել մարզետը, ոստիկանույթյան Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետը: Տեղում էին նաև Ալավերդու քաղաքապետն ու «ACP» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը:

Thumbnail

Որպեսզի քննարկումը բաց երկնքի տակ չծավալվի, մարզպետն առաջարկել է տեղափոխվել երկաթգծի հարևանությամբ գտնվող Մշակույթի տան դահլիճ, որտեղ նա ասել է, որ այս ընթացքում հանդիպել են «ՎՏԲ» բանկի ներկայացուցիչների հետ, փորձում են այլ ներդրող գտնեն: Հիմա երկու օպերատորի հետ քննարկումներ են, թե կոնկրետ, ո՞ր ընկերությունների մասին է խոսքը, մարզպետը չի բարձրաձայնել, սակայն վստահեցրել է, որ համաձայնության անպայման կգան: Նա առաջարկել է 4-5 հոգուց կազմված խումբ ձևավորել, գնալ Երևան եւ հարցը քննարկել փոխվարչապետի հետ:

Ալավերդցիները չեն համաձայնել, պահանջել են, որ փոխվարչապետն ինքը գա Ալավերդի: Նրանք նշել են, որ սեպտեմբերից երեք անգամ խմբով եկել են Երևան, նախնական պայմանավորվածություն ունեցել, որ Տիգրան Ավինյանը նրանց պետք է ընդունի, սակայն հանդիպումը ոչ թե փոխվարչապետի, այլ նրա գրասենյակի ղեկավարի՝ Վարագ Սիսեռյանի հետ է եղել եւ որեւէ արդյունք չի տվել:

Ցուցարարները խոստացել են երկաթգիծը փակ պահել այնքան ժամանակ, մինչև վարչապետը կամ փոխվարչապետն իրենց հետ հանդիպեն և գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխան տան: