Արցախի 106 դպրոցներում Վերջին զանգ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

1

Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում կհնչի Վերջին զանգը` թե իններորդցիների, թե տասներկուերորդցիների համար, իսկ վեցօրյա աշխատակարգ ունեցող դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 30-ին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այս տարի 106 դպրոցների աշակերտներ հրաժեշտ են տալու հարազատ կրթօջախներին:

«Այս ուսումնական տարվա ավարտին կրթօջախներին հրաժեշտ կտան 1599 իններորդցիներ և 923 տասներկուերորդցիներ: Վերջին զանգի հետ կավարտվեն նաև ուսումնական պարապմունքները: Դրանց զուգահեռ` նաև մեր դիմորդների հայտագրման առաջին փուլը: Հունիսին դպրոցներում կմեկնարկեն թե' ավարտական, պետական-ավարտական, թե' միասնական քննությունները, ինչպես նաև 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգումները: Հունիսի 26-30-ը կիրականացվի դիմորդների հայտագրման երկրորդ փուլը: Այսինքն՝ այն շրջանավարտները կամ զորացրվածները, ովքեր չեն հասցրել հայտագրվել առաջին փուլին, կհայտագրվեն այդ ընթացքում: Հուլիսին էլ կմեկնարկի առաջին փուլը չհաղթահարած դիմորդների հայտագրման փուլը՝ արդեն իսկ կրթական ծրագրերի գծով»,-նշել է Ա. Հակոբյանը։

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանի խոսքով՝ ինչպես անցած տարի, այս տարի ևս կրթօջախներում շրջանավարտների համար կկազմակերպվեն ներդպրոցական միջոցառումներ։

«Հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ անցած տարի կրթօջախներում բավականին համեստ ընթացավ Վերջին զանգի արարողությունը։ Եվ ցանկալի կլինի, որ այս տարի նույնպես պահպանվի այդ ձևաչափը։ Հաճախ աշակերտների ծնողները կազմակերպում են շատ ճոխ ու ծախսատար միջոցառումներ, և պետք է նշեմ, որ նախարարությունն այդ երևույթը չի խրախուսում։ Բոլորին արդեն իսկ ասված է, որ ավելորդ ծախսերի համար դրամահավաքներ չկազմակերպվեն»,-ընդհանրացրել է փոխնախարարը։

--00—ԼՄ