Լիլիթ Մակունց-Վիգեն Ստեփանյան խնդիրը հարթվեց․ դերասանը զանգահարել է նախկին նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և հայտնի դերասան Վիգեն Ստեփանյանի միջև վերջինիս հայտարարությունից հետո սկսված բանավեճը հարթվել է: Այդ մասին երկու կողմերը ֆեյսբուքյան գրառում են տարածել:

Մակունցը մասնավորապես գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վիգեն Ստեփանյանի հետ, որի ընթացքում պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը, և մենք արձանագրեցինք, որ ես նման բան չեմ ասել և տեղի է ունեցել թյուրիմացություն։ Ես հաղորդել եմ նաև, որ ունեմ մեծագույն հարգանք իր՝ որպես դերասանի, ինչպես նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս գործունեություն ծավալող բոլոր արվեստագետների նկատմամբ: Սա ասում եմ ոչ թե ի պաշտոնե, այլ որպես քաղաքացի ու մարդ: Ուրախ եմ, որ ամեն ինչ հարթվեց»:

Վիգեն Ստեփանյանը գրել է․ «Հարգելի՛ լրագրողներ։ Առավոտից պատասխանում եմ ձեր հարցերին՝ ուղղված Լիլիթ Մակունցի հայտարարությանը։ Քիչ առաջ անձամբ խոսել եմ իր հետ և վստահեցնում եմ ձեզ, որ մեր միջև եղած խնդիրը հարթվեց։ Ո՛չ ես, ո՛չ Մակունցը իրար հանդեպ թշնամանք չունենք։ Համարենք եղածը թյուրամացություն և մոռանանք»:

Հիշեցնենք, որ Վիգեն Ստեփանյանն ասուլիսի ժամանակ հայտարարություն էր արել, որի ժամանակ ասել էր, թե իբր Մակունցը ավագ սերնդի ներկայացուցիչներին անվանել է կոռումպացված, որից հետո մշակույթի նախկին նախարարը պահանջել էր, որ դերասանը ապացուցի իր ասածը կամ հրապարակավ ներողություն խնդրի: