Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման հարցում:

Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության մակարդակը և կարևորել խորհրդարանական ձևաչափով Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում ընդգրկված միջոցառումների իրականացումը: Գործընկերային հարաբերությունների շրջանակում հանձնաժողովի նախագահն առանձնացրել է մասնավորապես միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը:

Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ ԽՎ-ում իր գլխավորությամբ հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու, խոսել է Ռոուզ-Ռոթ սեմինարին պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Ռոզարիա Պուգլիսը կարեւորել է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ փաստելով, որ խորհրդարանն իրենց ամենակարեւոր գործընկերներից է: Նա անդրադարձել է Հայաստանի զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ծրագրերին եւ դրան առնչվող խնդիրներին:

Զրուցակիցները կարեւորել են ՀՀ զինված ուժերում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը, անդրադարձել մարտի 11-ից 18-ը Երեւանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագրի շրջանակում խորհրդարանում նախատեսված միջոցառումներին: