Մայիսի 28-ը հայի հավաքական կամքի և տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

1

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1918 թ. մայիսի 28-ը հայի չընկրկող կամքի, անափ հայրենասիրության, հավաքական կամքի և տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր: Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերը հավերժացան որպես մեր ժողովրդի պատմության ոսկե տառերով գրված էջեր, որպես անկախության համար անմնացորդ պայքարի փայլուն օրինակներ:

Եղեռնից նոր ուշքի եկող, դարեր շարունակ պետականազուրկ ժողովրդի համառ պայքարի, անմնացորդ նվիրումի և բացարձակ հավատի շնորհիվ հաջողվեց փոխել երկրի կարգավիճակը և հռչակվել որպես անկախ Հանրապետություն: Ու չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճատև էր, բայց այն անշրջելի իրողություն էր կատարված երազանքի, արժանապատիվ քաղաքացու և մեկտեղված հրաշքի առումով:

Առաջին հանրապետությունը մեզ թողեց պատմություն ընտրական իրավունքի, իրավահավասարության և ազգային փոքրամասնություններ ու կին պատգամավորներ ունեցող ժամանակակից խորհրդարանի մասին: Մեր պապերին հաջողվել էր կապիտալիզացնել քաղցած ու ջլատված ընտանիքներից ռազմաճակատ մեկնող տղաների սխրանքը՝ ստեղծելով պետականություն:

Անցյալի հերոսությունները մեր ժառանգությունն են, մեր բնավորությունն ու գենետիկ կոդը, շնորհավոր Առաջին հանրապետության տոնը»:

--00—ԼՄ