Մանվել Գրիգորյանի դատը հետաձգվեց, գեներալն առողջական վիճակի պատճառով չի մասնակցել նիստին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկած ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու պաշտպանական կողմի միջնորդության քննությունը հետաձգվել է։

Այդ մասին 24News- ի հետ զրույցում հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնից ներկայացուցիչ չկար, դատարանն այդ հիմքով նիստը հետաձգեց և նշանակեց փետրվարի 25-ին»,- նշեց պաշտպանը։

Նրա խոսքով՝ նիստին Մանվել Գրիգորյանը չի մասնակցել, մի քանի օր է՝  գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։

Պաշտպանի խոսքով՝ միջնորդության մեջ գրավի չափ նշվել է մինչև 20 միլիոն դրամ։ Լևոն Բաղդասարյանը նշեց՝ քանի որ քրեական գործի ծավալը փոխվել է, Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է, միջնորդության մեջ իրենց դիրքորոշումը կհայտնեն հաջորդ նիստին։  

Մանվել Գրիգորյանն ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվելուց հետո 2018-ի դեկտեմբերի 21-ին 25 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել, սակայն Վերաքննիչ դատարանը վերացրել էր այս որոշումն ու որոշել նրան նորից կալանավորել:

Սկսած 2019-ի հունվարի 22-ից՝ Գրիգորյանը նորից կալանքի տակ է: Փետրվարի 7-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները հայտնեցին, որ նրան գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել դատարան։

Փետրվարի 14-ին ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 3710100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: