Արտաքին հարաբերություններում «և՛-և՛»- ի քաղաքականությունն անթույլատրելի է. Խաչիկ Ասրյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Հայաստանի արտաքին քաղաքականությունը սխալ է կառուցել «և՛-և՛»- ի սկզբունքով։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը։

Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին, այնպես էլ ներկա իշխանությունը, Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ասել է թե՝ արտաքին անվտանգությունը, շարունակում է ամբողջությամբ կառուցել «և՛-և՛»-ի սկզբունքով, որն, ինձ համար, ուղղակի անթույլատրելի է: Ինչու է անթույլատրելի, որովհետև, ի վերուստ տրված հայկակական բարձրավանդակում բնակվող հայերիս համար, Հայաստանի և՛ արևելքից, և՛ արևմուտքից՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, ունենք դարավոր թշնամիներ: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության իշխանության, պարտադիր պետք է որդեգրի ոչ թե «և՛-և՛»-ի արտաքին քաղաքականությունը՝ մեկ ոտքով Ռուսաստան, մեկ ոտքով Արևմուտք, այլ բացառապես համագործակցի հայ ժողովրդի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ:

Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս դաժան ժամանակաշրջանում, որտեղ գրեթե ամենուր պատերազմական գործողություններ են և ազգեր ու ժողովուրդներ են կործանվում, Հայաստանը չի կարող միաժամանակ ու հավասարապես եղբայրություն կամ դաշնակից բարեկամություն անել երկու գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության և արևմուտքի հետ: Այսինքն՝ Հայաստանը պետք է բացառի իր արտաքին «և՛-և՛»-ի  քաղաքականությունը,  որովհետև «և՛-և՛»-ի քաղաքականությունն է, որ Հայաստանը կտանի կործանման: Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է բացառապես կառուցի ռազմավարական գործընկեր, քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնության հետ միասին՝ միաժամանակ անսասան պահելով հարևան պետությունների՝ Իրանի Իսլամական և Վրաստանի Հանրապետությունների հետ բարեկամական հարաբերությունները»:

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ հայկական բարձրավանդակում խաղաղություն և անվտանգություն ապահովելը բացառապես կախված է ինչպես անընդհատ հզորացող Հայոց Ազգային Բանակից, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի, հատկապես Ռուսաստանի կողմից հիմնադրված ռազմաքաղաքական դաշինքի՝  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ ազնիվ, հավատարիմ  ու բարեկամական հարաբերություններից:

 Ավելին՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն անհնարինը դարձնելու է հնարավոր՝ բացառապես նպաստելով ինչպես Հայոց Ազգային Բանակի անընդհատ հզորացմանը, հայ-ռուս ժողովուրդների բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցության կատարելիությանը, այնպես էլ ՀԱՊԿ ընտանիքում Հայաստանի Հանրապետության հեղինակության անընդհատ բարձրացմանն ու Հայաստանի միջոցով Երկիր մոլորակի պետությունների համար ՀԱՊԿ-ի կարևորագույն դերի անհրաժեշտության քարոզչության իրականացմանը:

Ինձ համար տարօրինակ է, որ Հայաստանում, հայ հասարակության մեջ, դեռ կան խմբեր, որոնք  պաշտպանում և երկրպագում են ոչ միայն արևմուտքի այլասերված ազատություններն ու բարքերը, այլ նաև փորձում են Հայաստանում հող նախապատրաստել իբրև արդարության և խաղաղության պաշտպաններ, իսկ իրականում՝ Երկիր մոլորակում բնակվող անկախ և ինքնուրույն պետությունների համար թշնամի և կործանիչ,  Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք կոչվող ՆԱՏՕ-ի համար:

Ուզում եմ միանգամից հիասթափեցնել ՆԱՏՕ-ի համար Հայաստանում ոտնատեղ փնտրող, արևմուտքի այլասերված բարքերը իրենց մեջ կրող հայրենադավներին. բացառվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ռազմաքաղաքական գործունեության համար կենսական ընտանիք հանդիսացող ՀԱՊԿ-ին երբևէ փոխարինի ՆԱՏՕ-ով»:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական արտաքին գործունեությունը բացառապես լինելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ:

Ամփոփելով միտքս՝ հայտարարում եմ. Հայաստանի արտաքին անվտանգության հիմնասյուները բացառապես երկուսն են՝ Հայոց Ազգային Բանակ և ՀԱՊԿ: