Հաղարծինում զույգն ընկել է գետը. աղջիկը փրկվել է, տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

հասարակական

ՀՀ ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Հաղարծինում արձանագրված դեպքի մասին. զույգն ընկել է գետը. աղջկան հաջողվել է ինքնուրույն դուրս գալ գետից, տղային` ոչ. նրա մարմինը հայտնաբերվել է այսօր առավոտյան` գետում։

«Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում քաղաքացին մոտ 5 մ բարձրությունից ընկել է գետը, այնուհետև ինքնուրույն դուրս եկել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից,  սակայն չի գտնում ընկերոջը և կասկածում է, որ վերջինս նույնպես ընկել է գետը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների  հետ համատեղ գետի երկայնքով (մոտ 10 կմ) և հարակից տարածքներում իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

06։00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

07։20-ին փրկարարները գետում հայտնաբերել են Վ․ Բ․ Ս․-ի (ծնված 1993 թ.) դին»,- հաղորդել է ԱԻՆ-ը։։