Ա .Միրզոյանն ու Լ. Կալաշնիկովը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը շահագրգռված է առավել խորացնելու և զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ունեն ավանդական բարեկամության բազմադարյա և հարուստ պատմություն: Արձանագրելով ռազմավարական փոխգործակցությունն ու վստահության վրա հիմնված հարաբերությունները` օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է նաև միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ համագործակցության խորացումը:

Լեոնիդ Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական փոխշահավետ գործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում այսուհետ ևս շարունակական կլինի: Նա կարևորել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծումը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների համանման հանձնաժողովների արդյունավետ փոխգործակցությանն ու օրակարգային խնդիրների քննարկման հարթակ կդառնա:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ: