Աղավնատուն գյուղում ամիսներ առաջ կատարված գողության հետքերով. վնասը՝ 1 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

2018թ. մայիսի 12-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում Աղավնատուն գյուղի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ ապրիլի 23-ի ժամը 23.00-ից ապրիլի 24-ի ժամը 05.00-ն եւ մայիսի 5-ի ժամը 23.00-ից մայիսի 6-ի ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածներում, օգտվելով նույն գյուղի Ն.Մաթեւոսյան փողոցում գտնվող իր հայրական տան չբնակեցված լինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով՝ գողացել են հեռուստացույց, ջրի էլեկտրական պոմպ, օղի թորելու սարքի պղնձե խողովակ, լվացքի մեքենա, ջեռուցման կաթսա՝ պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպեր-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Հովհաննես Ս.-ն, որը փետրվարի 7-ին, ժամը 17.30-ին, Պատկանյան փողոցից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: