Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի իր գործընկերոջ՝ Իլիր Մետայի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Մենք մեծապես գնահատում ենք, որ արտասահմանի մեր գործընկերները մշտապես հավասարակշռություն են պահպանում մեր խնդիրների մասին խոսելիս։ Ալբանիայի իր գործընկերոջ՝ Իլիր Մետայի հետ հանդիպմանն այսպես ասաց աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ կարևորում է հարաբերությունների կառուցումը հարգանքի և հավասարակշռության հիման վրա։

«Մեզնից յուրաքանչյուրն ունի սեփական խնդիրները։ Մենք տեսականորեն գիտենք ձեր, իսկ դուք՝ մեր խնդիրները։ Մենք մեծապես գնահատում ենք, որ արտասահմանի մեր գործընկերները մշտապես հավասարակշռություն են պահպանում մեր խնդիրների մասին խոսելիս։

Դրանցից ամենամեծը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է։ Կարծում եմ՝ խնդրին որևէ կերպ չի օգնում, երբ որևէ երկիր՝ Եվրոպայից կամ այլ տարածքից, հակամարտությունում այս կամ այն կողմի օգտին հայտարարություններ է անում։ Գոյություն ունի ձևաչափ, որի շրջանակում քննարկվում է հարցը»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Ի պատասխան Ալբանիայի նախագահ Իլիր Մետան նշեց, որ Ալբանիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ «Մաղթում ենք լավագույնը երկու երկրներին՝ հաղթահարելու այս հարցը»,- նշել է նա։

Անդրադառնալով հայ-ալբանական հարաբերություններին՝ զրուցակիցները նկատեցին, որ երկկողմ հարաբերություններում չիրացված մեծ ներուժ կա։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայում է մասնակցելու համար Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Նշենք, որ նախագահը նախկինում էլ մշտապես մասնակցել է անվտանգության համաժողովին, երբ ունեցել է փորձագետի կարգավիճակ: