ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Վահե Հովհաննիսյանը, Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Գոռ Գևորգյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Լիլիթ Մակունցն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած բազմադարյա բարեկամությունը: Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նա համոզմունք է հայտնել, որ միջազգային հարթակներում համագործակցությունը կլինի շարունակական:

Լեոնիդ Կալաշնիկովը երկու երկրների միջպետական հարաբերությունների առավել զարգացման գործում կարևորել է օրենսդիր մարմինների միջև փոխշահավետ համագործակցությունը: Նրա խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը եղել և մնում են բարձր մակարդակի վրա:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ հանդիպմանը մասնակցել են խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամներ Սերգեյ Բագրատյանը, Վարդևան Գրիգորյանը, Նորա Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը:

Արման Աբովյանը բարձր է գնահատել հայ-ռուսական փոխգործակցությունը, նշել, որ այն արդյունավետ և կայուն զարգանում է:

ՌԴ ԴԺ ՊԴ կոմիտեի նախագահն ընդգծել է, որ գործընկերային համագործակցության այս ձևաչափը լրացնում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում:

Կողմերը կարևորել են միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունը, անհրաժեշտ համարել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երկու ժողովուրդների, հատկապես երիտասարդների հոգևոր-մշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Կարևորվել է նաև երկու երկրներում միջհամայնքային շփումների ընդլայնումը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոտիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակության հետ նույն օրը հանդիպել են նաև ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Գուրգեն Բաղդասարյանը, Հարություն Բաբայանը, Մանե Թանդիլյանը, Արկադի Խաչատրյանը, Արմեն Եղիազարյանը և Հրանտ Այվազյանը:

Հայ և ռուս խորհրդարանականներն անհրաժեշտ են համարել միջխորհրդարանական կապերի հետագա խորացումն ու ամրապնդումը, կարևորել միջազգային տարբեր հարթակներում փոխադարձ արդյունավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովն առանձնապես կարևորել է երկու երկրների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման գործընթացը՝ աջակցության պատրաստակամություն հայտնելով:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, խմբակցության անունից պատրաստակամություն է հայտնել խորացնել ռուսական քաղաքական կուսակցությունների հետ համագործակցությունը և նորովի քննարկել լուծում պահանջող որոշակի հարցեր:

Պատվիրակության ղեկավարը ռուս գործընկերներին տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեության ուղղությունների մասին, կարևորել նրանց հետ արդյունավետ համագործակցության ամրապնդումը:

Խմբակցության ղեկավարը խոսել է նաև որոշ հարցերի մասին, որոնք քննարկման և լուծման կարիք ունեն: Նա պարզաբանել է, որ դրանք վերաբերում են ՌԴ տարածքում հայ ներգաղթյալներին, նրանցից ոմանց արտաքսելուն և իրավունքներին վերաբերող խնդիրներին:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական բազմակողմ հարաբերություններին, տարբեր միջազգային հարթակներում համագործակցությանը, տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերող հարցեր: