Աղի բլիթ ուտում են Ս․ Սարգսի տոնի նախորդող գիշերը․ այսօր երիտասարդների օրհնության օրն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է փետրվարի 16-ին: Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր:

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու` Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդի Մարտիրոսի և տասնչորս քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Արիության համար Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից Սուրբ Սարգիսը կարգվել է որպես իշխան եւ սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր համաձայնությունից՝ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա քանդել է հեթանոսական մեհյանները, կառուցել եկեղեցիներ եւ տարածել քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք  (360-363) սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սուրբ Սարգիսը Աստծո հայտնությամբ հրաման է ստացել լքել կայսրությունը: Իր որդու՝ Մարտիրոսի հետ նա ապաստանում է Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արգան՝ Մեծն Տրդատի թոռը՝ Պոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով զերծ պահել իր երկիրը հարձակման վտանգից, համոզում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:

Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զինվորներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու նվիրումն առ Աստված, հրաժարվում են հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակն ու զոհ մատուցել: Սարգիսը կտրականապես մերժում է՝ հայտարարելով. «Պետք է երկրպագել միայն մեկ Աստծուն՝ Սուրբ Երրորդությանը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերն աստվածներ չեն, քանի որ հողեղեն մարդը կարող է ոչնչացնել դրանք»: Այդ խոսքերից հետո Սուրբ Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սուրբ Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը: Սուրբ Սարգիսը բանտարկվում է և հավատարիմ մնալով իր հավատքին՝ գլխատվում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս.Սարգսի հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալ մարդիկ նահատակների մարմինները թաղում են Համիան քաղաքում:

Սուրբ Սարգսի տոնին հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբին դնելը, սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի`Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։