2-րդ շնչառություն տալու փոխարեն ժամանակն է լուծարել ամոթալի կենսագրությամբ ԵԿՄ-ն․ Սեֆիլյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության փոխարեն՝ սերնդի արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խեղում, կամավորական ազատամարտիկի վեհության փոխարեն՝ շահամոլության սերմանում, անարժան կերպարների մատուցմամբ՝ զինվորի ու սպայի վերաբերյալ պատկերացումների աղճատում, վետերանների սոցիալական ապահովության փոխարեն՝ նրանց հաշվին ծաղկող կոռուպցիա, մոբիլիզացիոն մեխանիզմի փոխարեն՝ հանցավոր ռեժիմների ազգադավությունը կոծկող իմիտացիա:

Այս ամենի հետ մեկտեղ՝ այդ կազմակերպությունն ի սկզբանե ծառայել է որպես պետական կարգավիճակ ունեցող ռեպրեսիվ մարմիններին զուգահեռաբար գործող եւ նրանց լրացնող բռնության գործիք:

Հարկ է նաև ընդգծել, որ միությանն անդամագրված շատ ու շատ ազնիվ ազատամարտիկներ պարզապես անտեսված են եղել եւ առնչություն չեն ունեցել այս ամենի հետ։

Կազմակերպության բոլոր գործառույթները՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, վետերանների սոցիալական ապահովություն, մոբիլիզացիա, պաշտպանություն եւ այլն, պետական գործառույթներ են եւ պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության միջոցով:

Ժամանակն է երկրորդ շնչառություն տալու փոխարեն լուծարել հանցավոր եւ ամոթալի կենսագրություն ունեցող Երկրապահ կամավորականների միությունը»: