ՀՀ-ԵՄ համաձայնագիրը փոխգործակցության լայն դաշտ է բացում. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 16, 24News

Thumbnail

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ փետրվարի 15-ին, հանդիպեց Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ ուրվագծելով տաբեր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու եւ համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Երկկողմ առեւտրատնտեսական կապերի առավել խորացման առնչությամբ՝ արտգործնախարարներն որպես հեռանկարային ուղղություններ մատնանշեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ինչպես նաեւ առողջապահության ոլորտները:

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում կարեւորելով հոկետմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը եւ դրան հոլանդական ընկերությունների ներկայությունը։

Անդրադառնալով Եվրոպական Միության հետ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հանձնառությունը՝ նշելով, որ Համաձայնագրի արդյունավետ իրագործումը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձեւաչափերում:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հրատապ խնդիրներ: