Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել, միմյանցից սովորել. նախագահները հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ։

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ կա համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ։ Հայաստան-Լատվիա համագործակցությունը հատկապես կարևորվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում. նախագահ Սարգսյանն առաջնային է դիտարկել ԵՄ անդամների կողմից Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։

Նախագահ Սարգսյանը որոշ ոլորտների բարեփոխումների լատվիական փորձը օգտակար և ուսանելի է համարել Հայաստանի համար: Իր հերթին նախագահ Վեյոնիսն ասել է, որ պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձառությունը կիսել հայ գործընկերների հետ։

Նշելով, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք կարող ենք միմյանց օգնել և միմյանցից սովորել»։