Կալանավորվել է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 1, 24News

․

Դատարանը բավարարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա պաշտպան Բենիկ Գլաստյանը։

«Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արղամանյանի բավարարեց Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ(բոլորիս հայտնի Ջհանգիրյանի գործով) ամրագրված իմպերատիվ պահանջների ուղղակի խախտմամբ ոստիկանության մի օպերլիազորից վերցված ցուցմունքն է։

Այս դեպքով հաղորդում եմ ներկայացնելու դատավորի, քննիչի և օպերլիազորի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ… վստահ եմ վաղ, թե ուշ դատվելու են, ավելի կոնկրետ՝ ՆՍՏԵԼՈՒ ԵՆ»,– գրել է նա։

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Խոսքը վերաբերում է մայիսի 31-ին Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց «Դիմադրություն» շարժման կազմակերպած ակցիային։

--00--ԱՀ