IPI. «Թուրքիայում լրատվամիջոցների 95%-ը իշխանությունների ազդեցության տակ է»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) զեկույց է պատրաստել Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Զեկույցի համաձայն` 2016թ. հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայում փակվել է 170 լրատվամիջոց և հրատարակչատուն: Բացի այդ տնտեսական և քաղաքական ճնշումների պատճառով լրատվամիջոցների 95%-ը անցել է իշխանության  ազդեցության տակ:

Նշենք, որ զեկույցը պատրաստել են IPI-ի գործադիր խորհրդի նախագահ Մարկուս Սպիլմանի և IPI-ի տնօրեն Բարբարա Տրիոնֆի ղեկավարած պատվիրակությունը` Անկարայում և Ստամբուլում իրականացրած հանդիպումներից հետո:

«2016թ. հուլիսի հեղաշրջման փորձից ցայսօր շրջանառվող և մամուլի ազատությունը սահմանափակելու համար կիրառվող օրենքի ուժ ունեցող որոշումները չեղարկելու փոխարեն, Թուրքիան շարունակեց ավելի շատ օրենքներ և նմանատիպ գործիքակազմ ստեղծել, որոնք միտված էին սպառնալ ազատ լրատվամիջոցներին»,- ասված է զեկույցում:

Թուրքիա այցի ընթացքում IPI-ի ներկայացուցիչների հանդիպման պահանջները մերժել կամ էլ անպատասխան էին թողել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահականի հաղորդակցության նախագահ Ֆահրեթթին Ալթունը, ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը, սահմանադրական դատարանը և պետական հեռուստատեսությունը: 

Զեկույցի հեղինակներին հաջողվել է միայն կապ հաստատել Թուրքիայի արտգործնախարարության և արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ: Վերջիններս Թուրքիայի լրատվական միջավայրը «լավ և աշխույժ» են բնութագրել: 

Չնայած թուրք պաշտոնյանների պնդումներին, որ լրատվական կազմակերպությունները փակել են  և աշխատակիցներին հեռացրել են` ելնելով հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակից և անվտանգության նկատառումներից,  այնուամենայնիվ IPI-ի զեկույցում նշված է հետևյալը.

«Ակնհայտ է, որ այս միջոցները անսահմանափակ կերպով կիրառվել են ոչ միայն հեղաշրջման փորձի պատասխանատու համարվող Ֆեթուլլահ Գյուլենի ենթադրյալ կապ ունեցող անձանց և հաստատությունները, այլև քուրդ, ձախակողմյան և այլ անկախ լրատվամիջոցների լրագրողներին  թիրախավորելու համար»: