«Ծռիզմի» ախտը որպես պետականության վտանգ

Thumbnail
Ոչինչ այնպես չի քաջալերում արատը, ինչպես անտեղի ներողամտությունը

Շեքսպիր

«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը և Մանուկյան Պավլիկը երկու օր առաջ մեկ և ավել դրվագով համաներվեցին` մինչդեռ բարձրաստիճան ոստիկանների հետ դատաքննության ժամանակ Արեգ Կյուրեղյանը արձանագրեց` հայտարարելով. «Այն ժամանակ էլ ա բացատրվել Ձեզ, որ իշխանությունը յուրացված է եղել: Ոստիկանությունը համագործակցել է իշխանության հետ, խլել է մարդկային կյանքեր, խոշտանգելով սպանել է, հասցրել է ինքնասպանության, Երևանի փողոցներում գնդակահարել է տասնյակ քաղաքացիների: Եվ այդ պարագայում, եթե կրկնվի, մենք նույնպես սերժանտից մինչև գեներալ կպառկացնենք պոլին»: Ուշադրություն դարձրեք վերջին նախադասության մահագուշակ մեղավորությանը: Ահաբեկչությունը ձևակերպվում է իր ձևի և էության մեջ ու ինդուլգենցիա ստացած, բայց չապաշխարած գունդ գրավողները լիարժեքորեն տեղավորվում են այդ ֆորմուլայի մեջ: 

Ուրեմն, ոստիկանական զորամաս զավթելով ու ծառայողներից մի քանիսին սպանելով,  հեղաշրջում, հեղափոխություն կամ իշխանափոխություն չի լինում: Չեղավ: Գիտակցաբար, թե ենթագիտակցորեն ծռերը դարձան այլ ուժերի ջրաղացին ջուր լցնողները` տուժեց պետությունն և հասարակությունը: Տեղում լիկվիդացիայի չենթարկվելով` նրանք, ավտոմատը դարձրին գործոն ու թողեցին օդից կախված և դեռևս ստվերի մեջ: 

Հեղափոխություն - իշխանափոխությունից հետո հերթով ազատվելով` վերջիններս չղջացին,  այլ ավելի հոխորտալից դարձան, շարունակեցին շեշտել նույն մեթոդիկայով կրկնվելու  հնարավորության մասին: Սա խորացավ, երբ հայկական գնդի գրոհայինները ստացան ցածր տոկոս` չանցնելով պառլամենտ: Իշխանությունը խնդիր ունի, բայց համակարգված չէ և ձևը չի գտնում: Դա մեծացնում է վտանգը: Անհրաժեշտ է անդադար խոսել, գրել ու հիմնավորել, որ զենքով, ահաբեկչությամբ հայասպան գործողությունները ամենաթշնամական ներքին դրսևորումն են, որ ՊՊԾ գնդի գրավումը նողկալի արարք էր: Պետությունը պիտի այս հարցում իր կոշտ ուժը դրսևորի և արմատապես ոչնչացնի ծայրահեղ ազգայնական ավանդական ահաբեկչական այս հոգեբանությունը և նրա կյանքի կոչվելու բոլոր հնարավորությունները, բաց թողնի լերդացած այս արյունը: Հակառակ դեպքում մի օր էլ Նաիրի Հունանյանը կդիմի վաղաժամկետ ազատման համար և կգտնի իր աջակիցներին հանրության մեջ: Իշխանության թուլությունը կլինի բոլորիս աղետը: Խուսափելու համար ոչ միայն հետևել, նաև գործել է պետք` ուժեղ ու հայաստանակենտրոն, ձիգ ու ինտելեկտուալ ուժի առաջացնելու տեսքով:

Ռուբեն Վարդանյան
պատմաբան