Ուրցաձորի՝ հրաժարական տված գյուղապետը վերընտրվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Արարատի Ուրցաձոր համայնքի համայնաքապետի ընտրություններում հաղթել է 2018-ի հոկտեմբերին բողոքի ակցիաներից հետո հրաժարական տված համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Մաշադյանը, ում օգտին քվեարկել է 911 ընտրող:

Նրա հիմնական մրցակիցը՝ Գևորգ Ավետիսյանը, ստացել է 744 ձայն, մյուս թեկնածուներից Անդրանիկ Կարապետյանը, ստացել է 108 ձայն, Անդրանիկ Մխիթարյանը՝ 37, Սամվել Սիմոնյանը՝ 386 ձայն:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ տևական ժամանակ  բողոքի ակցիաներ էին իրականացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը  վարչապետին ուղղված բողոքի հետքերով դեռևս 2018 թվականին այցելել էր Ուրցաձոր, հանդիպել բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ, որոնք պահանջում էին  գյուղապետի հրաժարականը: Դավիթ Սանասարյանը նաև հանդիպել էր Ռաֆիկ Անդրեասյանի հետ:

Բողոքող գյուղացիները պնդում էին, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է արել: 

2018 թվականի հոկտեմբերի 10-ին Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքում մոտ տասն օր տևած բողոքի ակցիաների պատճառներով հրաժարական էր տվել: Նա հրաժարականի օրը ուրցաձորցիներին խոստացել էր ընտրություններին կրկին առաջադրվել.

«Ես պարզ ճակատով ասում եմ՝ կտամ հրաժարական ու նորից դիմում կտամ վերընտրելու, որովհետև պետության պահանջն է այսօր, նաև ձեր պահանջն է (համայնքապետը նկատի ունի հրաժարականի դիմումը-հեղ.): Եթե դուք ուզում եք, թող նորից լինի ընտրություն, ով կընտրվի, հալալ լինի իրան», - ուրցաձորցիների հետ հանդիպմանը ասել էր Ռաֆիկ Անդրեասյանը: 

Նշենք նաև, որ երեկ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են անցկացվել: