Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքի բոլոր ընթացակարգերը․ դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը պարզաբանում է տարածել Հարություն Մաշադյանի դատախազության համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվության վերաբերյալ։ Պարզաբանումը՝ ստորև․

«Քանի որ մի շարք պարզաբանումներից հետո որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի տեղյակ ու անտեղյակ օգտատերեր, չիմացության արդյունքում կամ հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով, ոչ ճշգրիտ ներկայացրին և շահարկման առարկա դարձրին Հարություն Մաշադյանի՝ դատախազության համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ ենք համարում լրացուցիչ պարզաբանել հետևյալը․

Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։

Հարություն Մաշադյանը ծնվել է 1995 թ․-ին։

2010 թ․-ին Հարություն Մաշադյանը ավարտել է  թիվ  35 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։

2013 թ․-ի հուլիսի 2-ին  զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015 թ․-ին ։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016 թ․-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով բակալավրի որակավորում։

2017 թ․-ին սահմանված կարգով  ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։ 2017 թ․-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։

2018 թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։

2019 թ․-ի  փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։

Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն  Մաշադյանի տարիքին, նշենք, որ 2007 թ.-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018 թ. ապրիլին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով

1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

2) տիրապետում է գրական հայերենին»։

Այսինք՝ տարիքային ցենզ նախատեսված չի եղել:

Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018  թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության  մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն՝ մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենա»։

Հիշեցնենք, որ «Ժամանակ»-գրել է, որ, ըստ թերթի տեղեկության, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը փետրվարի 4-ին նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։

«Ավելի վաղ երիտասարդը զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը։ Ուշագրավ է, որ ընդամենը 23 տարեկան Հարություն Մաշադյանն արդեն միլիոնատեր է՝ այն պարագայում, երբ նրա հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը դեռեւս 23 տարեկան է եւ եւս եղել է պետական աշխատանքի։ Պաշտոնը ստանձնելու պահին կրտսեր Մաշադյանը հայտարարագրել է 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար եւ Volkswagen touareg մակնիշի ավտոմեքենա»»,-գրել էր թերթը։