Փաշինյանը չբավարարեց ուժային կառույցները գործադիրի կազմում ներառելու պահանջը․ Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  կառավարության կառուցվածքային փոփոխություններին։ Գրառումը՝ ստորև․

«Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումն ու քվեարկությունը լայն իմաստով մեխանիկական գործողություններ էին, քանի որ սահմանադրական սահմանափակումների պատճառով կառավարությունը չէր կարող ընդունել քննարկման ընթացքում հնչած առաջարկները: Իհարկե, հարց է նաև՝ արդյոք կառավարությունը ունե՞ր այդ առաջարկներն ընդունելու քաղաքական կամք:

Այդպիսով, կառավարության ծրագիրն ընդունվեց այն տեսքով, ինչ տեսքով բերվել էր խորհրդարան: Սակայն դա՝ ընդդիմախոսների կողմից հնչած քննադատությունների ու առաջարկությունների անտեսումը, կառավարության ծրագրի հետ կապված միակ տարակուսելի կողմը չէ:

Կառավարությունն այսօր գործում է հաստատված ծրագրով, սակայն… առանց կառուցվածքի: Սա ոչ միայն սահմանադրական-իրավական կազուս է, այլ նաև պարզագույն տրամաբանության խախտում:

Կառավարությունը գործում է ծրագրով, որի իրագործմանը կոչված մարմինները դեռևս գոյություն չունեն կամ գոյություն ունեն ոչ ամբողջությամբ: Որքա՞ն կտևի այս իրավիճակը՝ դժվար է ասել: կառավարությունից դեռևս չի չհնչել կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը Ազգային ժողով ներկայացնելու ժամկետների վերաբերյալ որևէ ազդակ: Հայտնի է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ կառավարության կառուցվածքի վերաբերյալ վերջնական քաղաքական որոշումն արդեն կայացվել է՝ կառավարությունն ունենալու է 12 նախարարություններ, որոնց թվում չեն լինելու ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը: Սա կառավարության կառուցվածքի այն տեսքն է, որը հրապարակվել էր դեռևս երկու ամիս առաջ:

Դրան հետևեցին հանրային-քաղաքական բուռն քննարկումներ, հնչեցին տասնյակ քննադատություններ տարբեր նախարարությունների լուծարման անթույլատրելիության մասին, սակայն, դատելով վարչապետի հայտարարությունից, կառավարությունը մնացել է անդրդվելի, քանի որ քաղաքական որոշում է կայացրել նույն՝ 12 նախարարություններ նախատեսող կառուցվածքի մասին օրինագիծը ԱԺ ներկայացնելու մասին:

Կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբավարարեցին նաև սուպերվարչապետական համակարգի հիմնասյուները համարվող ուժային կառույցները՝ ոստիկանությունը և ԱԱԾ-ն կառավարության կառուցվածքում ներառելու պահանջները:

Այսպիսով, առաջիկայում խորհրդարանում սպասվում են թեժ քննարկումներ կառավարության կառուցվածքի վերաբերյալ: Ի՞նչ արդյունք կտան այդ քննարկումները, ի՞նչ ֆունկցիոնալ նշանակություն կունենան դրանք կառավարության նպատակադրումները փոխելու տեսանկյունից, ցույց կտա ժամանակը:

Մինչ այդ, սակայն, արձանագրենք, որ այդ քննարկումները լինելու են պոստֆակտում՝ մենք քննարկելու ենք մի համակարգի՝ կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը, որն արդեն իսկ գործում է առանց կառուցվածքի: Այս իրավիճակը ամենայն հավանականությամբ տարիներ անց կընդգրկվի իրավունքի ու պետական կառավարման մասին դասագրքերում՝ «ինչ չի կարելի անել» խորագրի ներքո»: